Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը կարող է կախված լինել մարդու քաշից․ հետազոտություն

Կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութի արդյունավետությունը կարող է կախված լինել մարդու քաշից։ Ինչպես նշում է The Independent-ը, ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող մարդկանց համար պատվաստանյութի պաշտպանությունը քիչ է լինում:

Իտալիայում գիտնականները ուսումնասիրել են մարդկանց մոտ հակամարմինների առկայությունը՝ 21 օրվա ընդմիջումով BNT162b2-ի երկու չափաբաժին ներարկելուց հետո: Պատվաստանյութը ստացել են 23-69 տարեկան 158 կանայք եւ 90 տղամարդիկ: Պատվաստումից հետո բոլորի մոտ իմունային պատասխան է զարգացել: Սակայն գիտնականները Մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) եւ հակամարմինների առկայության միջեւ փոխկապակցվածություն են տեսել: Մարմնի ցածր քաշ ունեցող մարդիկ ավելի ուժեղ իմունային պատասխան են ունեցել: Հակամարմինների բարձր կոնցենտրացիաներ են նկատվել նաեւ երիտասարդ տղամարդկանց եւ կանանց մոտ:

Մասնագետների կարծիքով՝ բացառված չէ, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց ստիպված լինեն պատվաստանյութի մեծ չափաբաժին ներարկել` ցանկալի արդյունքի հասնելու համար: Բացի այդ, ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ վարակն ավելի ծանր է ընթանում, եւ վիրուսն ավելի երկար է պահպանվում օրգանիզմում՝ 5 օր ավելի երկար, քան նիհար մարդկանց մոտ:

Այս ամենի պատճառը, ըստ մասնագետների, գեր մարդկանց մոտ քրոնիկ բորբոքումների առկայությունն է, որը խափանում է իմունիտետի նորմալ աշխատանքը, ներառյալ՝ T բջիջներին գործարկող մեխանիզմները:

Բացի այդ, ճարպակալումը կապված է աղիներում, քթում եւ թոքերում միկրոֆլորայի պակաս բազմազանության, ֆլորայի փոփոխված բաղադրության եւ նյութափոխանակության գործառույթների հետ: Իսկ, օրինակ, վերջերս պարզվել է, որ հակաբիոտիկներ ընդունելու դեպքում աղիների միկրոֆլորայի փոփոխությունները կարող են փոխել գրիպի դեմ պատվաստանյութին արձագանքը: Ավելին՝ գրիպի, հեպատիտ B-ի եւ կատաղության դեմ պատվաստանյութերը ավելի քիչ արդյունավետ են եղել ճարպակալմամբ մարդկանց մոտ։