Փրկեց 30 ընկերների կյանքն ու զոհվեց հերոսի մահով․ վարդենիսցի Հայկը նաև 44-օրյա պատերազմի մասնակից էր

403

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց․ հայտնի ճշմարտությունը այս օրերին իրենց անձնազոհ օրինակով վկայեցին տասնյակ հայորդիներ, որոնց համար հող Հայրենին ամեն ինչից վեր էր։ Եվ, այո՛, քաջերի դեպքում կարևոր չէ, թե որքան ես ապրել, կարևորն այն է, թե ինչպես ես ապրել։ Որովհետև ապրել ու մեռնել հերոսի պես՝ նշանակում է ապրել Հավիտենապես։

Թշնամու վերջին ագրեսիան կրկին ոտքի հանեց հայրենատեր ու հայրենասեր հայորդիներին, որոնց թվում էր նաև Հայկ Կարենի Գասպարյանը։ Պարթևահասակ Հայկը, որ կարծես առասպելական Հայկ Նահապետի առնմանությունն ուներ և ծնված-կոչված էր հաղթելու ոսոխ Բելին՝ իր ժամանակակից կերպարանքով, ծնվել էր Վարդենիսում 1999 թվականի ապրիլի 16-ին։

Վարդենիսի Էդվարդ Պողոսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո,  Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցը շարունակել է ֆիզմաթ հոսքով։ Ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից մասնակցել է օլիմպիադաների և 2016-ին արժանացել գովասանագրի ԵՊՀ-ի կողմից։ Ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։ Սովորելու տարիներին զբաղվել է գիտությամբ, եղել է ԵՊՀ-ում գիտաշխատող, մասնակցում էր երիտասարդ գիտնականների գիտաժողովներին, դասախոսի հետ արհեստական քիթ էին մշակել, որը կփրկեր մարդկային կյանքեր գազային հարձակման դեպքում` նախօրոք զգուշացնելով վտանգի մասին։ Համալսարան ընդունվելուց հետո դասերի հետ մեկտեղ սկսել է աշխատել և իր սիրելի զբաղմունքով` շախմատով զբաղվել. ուներ շախմատի 2-րդ կարգ։

Համալսարանն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել է ՀՀ ԶՈւ որպես սպա, որից 16 օր անց սկսվել է 44օրյա պատերազմը։ Պատերազմին եղել է ամենաթեժ կետերում` Ջաբրայիլից մինչև Մարտունի։ Ֆիզուլիում 5-օրյա շրջափակումից հանել է ամբողջ մարտկոցի կազմը։ ԱԹՍ նշանառության և հրթիռակոծության տակ դուրս է բերել 14 վիրավոր։ Իր սխրանքների համար բարձր հրամանատարության կողմից ներկայացվել էր և խոստացվել էր արժանանալ Վազգեն Սարգսյանի անվան մեդալի, որն այդպես էլ չստացավ։

«Հայկի հետ սկզբում շփվում էինք որպես ընկերներ։ Խոսում էինք տարբեր թեմաներից` մշակույթից մինչև քաղաքականություն։ Հետաքրքիր զրուցակից էր, դեռ 2 օր էր, ինչ ծանոթացել էինք, բայց ասացի, որ հաստատ կուզենայի, որ իր նման հուսալի մարդը լիներ իմ ընկերների շարքում։  Հայկը շատ էր սիրում շախմատը։ Հպարտանում էր իր անցած ճանապարհով, քանի որ երբեք անազնիվ կերպով ոչնչի չէր հասել»,-պատմում է Հայկի ընկերուհին՝ Հասմիկը։

Ասում էր` կյանքն ինձ ամեն կողմից խփում է, բայց ես ծնկի չեմ գալու, նկատում է Հասմիկն ու hամարյա աղոթքի պես հավելում․

«Նա իր խոսքի տերն էր։ Միակ խոստումը, որ չկատարեց, հետ գալն էր։ Խոստացավ, որ հետ է գալու, բայց 30 զինծառայող փրկելու համար «դրժեց» խոստումը»։

Արա Ալոյան