Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 25-ին անցկացված ընտրությունների (21 համայնք) «հյուսիսկորեական» արդյունքները, դրանց բռնատիրական բնույթն այս երկու օրվա մեջ չեն մեկնաբանել թերևս միայն ծույլերն ու քաղաքական անցուդարձին ընդհանրապես չհետևողները:

Եթե հակիրճ, ապա դա քաղաքական, քաղաքագիտական տեսանկյուններից ոչ թե սոսկ խայտառակություն է, այլ խայտառակության մարմնավորում: Հարկավ, դժվար է այլ կերպ բնորոշել այն իրողությունը, որ մի շարք համայնքներում մրցակցություն ընդհանրապես չկար, մի շարք համայնքներում մրցակցությունը ձևական էր (ասենք՝ Իջևանում), և այդ պայմաններում Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ստանում է… ձայների 93, անգամ՝ 96 տոկոսը: Սա ժողովրդավարություն չէ: Սա ժողովրդավարության հոգեվարքն է: Նման թվերը ավելի շուտ բռնատիրության, քան ժողովրդավարական հիմունքներով իշխանություն, այդ թվում՝ տեղական իշխանություն ձևավորելու մասին են:

Ըստ էության, նման վիճակի պատճառները մի քանիսն են, բայց առաջին հերթին այսպիսի համապարփակ ամոթի մեջ ենք հենց այն պատճառով, որ ամբողջ իրավապահ համակարգը լծված է բացառապես քաղաքական հարցեր լուծելու, Նիկոլ Փաշինյանի անձնական քմահաճույքները բավարարելու գործին: Առաջադրվեցի՞ր, ընդդիմացա՞ր, քեզանից վտանգ ներկայացրեցի՞ր, վերջ, դիմակավորված կամ առանց դիմակի կգան քո հետևից, քրգործ կկարեն, կտանեն տնից, փողոցից, աշխատավայրից: Մի խոսքով՝ բացօթյա բանտ դարձած երկրում դժվար էր մեծ մրցակցություն սպասել: Արդյունքում ստացվում է արատավոր, վտանգավոր շղթա, բռնատիրությունը ծնում է պայմաններ… արմատական, ծայրահեղ բռնատիրության համար:

Իսկ ի՞նչ քաղաքական ու քարոզչական խնդիրներ էր լուծում (կամ փորձում լուծել) Նիկոլ Փաշինյանը այս ՏԻՄ ընտրափուլում նման՝ ոչ դեմոկրատական տոկոսներ արձանագրելով:

Առաջինը՝ ենթադրելի է, որ Փաշինյանը ցանկանում էր վերականգնվել, ռեաբիլիտացվել ԱԺ վերջին ընտրություններում տապալվելուց՝ հազիվ 49 տոկոս ստանալուց հետո:

Երկրորդը՝ նմանապես ենթադրելի է, որ Փաշինյանին այդ «սլացիկ» տոկոսները անհրաժեշտ են իր կառավարությանը և իր իշխանությունը մերժող հանրությանը հոգեբանորեն ճնշելու, ընկճախտի մեջ գցելու նպատակով, որ տեսեք՝ «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք՝ կանենք, ինչքան ուզենք՝ այնքան կխփենք» և այդպես շարունակ: Զուգահեռաբար սա նաև իր իշխող ուժի ճաքերը սվաղելու համար էր պետք:

 Եվ երրորդը. ենթադրելի է, որ Փաշինյանին նման ցնցող ցուցանիշներ պետք են արտաքին «գործընկերների» հետ հարաբերությունների համար: Մի կողմից՝ տեսեք (Անկարա, Բաքու), Փաշինյանը վերահսկում է իրավիճակը ու անհանգստանալու կարիք չկա, խոստացածը կամ ստանձնած պարտավորությունները կկատարի: Մյուս կողմից՝ տեսեք, Փաշինյանը ինչ աջակցություն ունի, այնպես որ, ուզեք-չուզեք, իր հետ պիտի հաշվի նստեք:

Բայց այս վերջինը բավականին խախուտ պահ է, որովհետև հազիվ թե նույն այդ արտաքին խաղացողներն անտեղյակ լինեն, թե ինչ պայմաններում ու ինչ ճիգերի գնով է Փաշինյանը նման թվեր «խփել»:

Չի կարելի շրջանցել նաև չափազանց կարևոր մի իրողություն: ՏԻՄ ընտրությունների ժամանակ մեր երկրում ոչ թե կուսակցական ցուցակ են ընտրում, ոչ թե գաղափարախոսական ուղղություն են ընտրում, ոչ թե կուսակցություն են ընտրում, այլ անձ: Գուցե մենթալիտետի հարց է, գուցե այլ պատճառներ կան: Բայց դա է՝ անձ են ընտրում: Նրանց, ում հաճախ մամուլում անվանում են «տեղական բդեշխներ», տեղական հեղինակություններ: Ոնց ուզում եք, անվանեք: Այդ «տեղական բդեշխների» գործոնը շատ կարևոր է: Իսկ այդ «բդեշխները» տեղերում իրենց իշխանությունն ու ազդեցության լծակները պահելու համար հավատարմության երդում են տվել ու տալու իշխանություններին՝ ցանկացած իշխանության օրոք: Փաշինյանական իշխանությունն էլ օգտվեց դրանից ու «տեղական բդեշխներին» քայլ առ քայլ իրենով արեց: Սա է: Դուր է գալիս այն, թե՝ ոչ, դրանից իրավիճակը չի փոխվում: Հայաստանում անձեր են ընտրում, ոչ կուսակցություններ կամ ծրագրեր: Հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Իսկ ցանկացած քաղաքական գործունեություն պետք է առկա իրողությունների վրա հենվի, այլ ոչ թե միայն սոսկական ցանկությունների:

Ի դեպ, ինչ վերաբերում է որոշ քպական կարկառունների ոգևորությանը, ապա գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. վաղը, մյուս օրը, երբ իշխանության այլ ուժ գա, էլի 90, անգամ՝ 95 տոկոսանոց արդյունքներ են գրանցվելու, բայց արդեն այն իմաստով, որ այսօր ՔՊ-ի արևով երդվող համայնքապետները արագորեն փոխելու են գլխարկներն ու երդվելու են, թե հոգու խորքում միշտ ատել են ՔՊ-ն: Դա շատերս ենք տեսել: Ու ոչ մեկ անգամ: Ու ոչ միայն դա…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Lur24.am