«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում և նրա շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումները, հայռուսական կապերի տատանումներն ու երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները շարունակում են մնալ հասարակական-քաղաքական բուռն քննարկումների առարկա։ Ստեղծված իրավիճակում հաճախ հնչում են հակասական կարծիքներ այն մասին, թե որն է պետության զարգացման ճիշտ ուղին, և ինչպես պետք է կառուցել արդյունավետ հարաբերություններ գործընկեր երկրների հետ։ Այս և մի շարք այլ հրատապ հարցերի շուրջ իր մտահոգություններն ու գնահատականներն է ներկայացնում պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը:

Անդրադառնալով ներկայիս տնտեսական և քաղաքական իրողություններին՝ նա նշում է, որ նախկինում Հայաստանը շատ սերտ կապեր ուներ Ռուսաստանի հետ, ինչի շնորհիվ երկիրը ստանում էր բազմաթիվ արտոնություններ, այդ թվում՝ էժան գազ, ինչպես նաև հնարավորություն ուներ օգտվելու ռուսական շուկայից։ Ըստ նրա՝ հազարավոր հայ քաղաքացիներ ժամանակավորապես բնակվում և աշխատում են Ռուսաստանում՝ գումար վաստակելով և ուղարկելով իրենց հարազատներին։ Կարապետյանը զարմանքով է վերաբերվում այն հանգամանքին, թե ինչու է ոմանց պետք անընդհատ վատաբանել Ռուսաստանին՝ հիշեցնելով հայկական հին ասացվածքը. «Խելոք գառնուկը երկու մայր է ծծում»։ Նա ընդգծում է, որ ոչ ոք չի արգելում առևտուր անել Եվրոպայի հետ, սակայն պետք չէ կտրել կամ փչացնել արդեն իսկ գոյություն ունեցող ամուր կապերը:

Խոսելով երկրում առկա ներքին խնդիրների և գործարարների նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին՝ Կարապետյանը դժգոհում է, որ տեղի են ունենում անհասկանալի արկածախնդրություններ, որոնք բնավ չեն բխում պետության շահերից։ Նա հռետորական հարց է բարձրացնում, թե արդյոք Հայաստանում այսօր կա գոնե մեկ հարուստ մարդ, որը չի հետապնդվում կամ չի հայտնվել բանտում, բացառությամբ նրանց, ովքեր ծառայում են իշխանությունների շահերին:

Անդրադառնալով անվտանգային ոլորտին և ռազմատեխնիկական համագործակցությանը՝ գեներալ-մայորը հիշեցնում է, որ նախկինում Հայաստանը Ռուսաստանից ստանում էր հսկայական օգնություն, այդ թվում՝ անվճար կամ գրեթե անվճար ժամանակակից ՀՕՊ համակարգեր և Ս-300 հակաօդային պաշտպանության համալիրներ՝ մոտ 1 միլիարդ դոլարի արժողությամբ, մինչդեռ Ադրբեջանը ստիպված էր հսկայական գումարներ ծախսել դրանց վրա։ Բացի այդ, ռուսական շուկան բաց էր հայկական գյուղատնտեսական ապրանքների համար։ Կարապետյանը համոզված է, որ Եվրոպայում կամ Արևմուտքում Հայաստանին երբեք չեն սպասում որպես լիիրավ անդամի, և եվրոպական ինտեգրման մասին խոսքերը զուտ իլ յուզիա են, որոնք ծառայում են գործող իշխանությունների աթոռը պահպանելուն։ Նա նշում է, որ ներկայիս վարչակարգը քայլ առ քայլ զիջում է երկրի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները՝ երկաթուղին, «Գազպրոմը» և այլն, սակայն դրա դիմաց որևէ իրական արտոնություն կամ օգուտ չի ստանում:

Ամփոփելով իր խոսքը՝ Արշակ Կարապետյանը նշում է, որ ստեղծված ծանր վիճակից դուրս գալու և նախկին փոխշահավետ հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն։ Նա համոզված է, որ գործող ղեկավարության օրոք հնարավոր չէ հասնել հավասարակշռված արտաքին քաղաքականության։ Երկրին պետք է նոր ղեկավար, ով կկարողանա գրագետ ու հավասարակշռված հարաբերություններ կառուցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի և թե՛ ԱՄՆ-ի հետ՝ թույլ չտալով, որ երկիրը ներքաշվի կործանարար ավանտյուրաների մեջ և հնարավորություն տալով քաղաքացիներին խաղաղ ու բարեկեցիկ կյանքով ապրելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Lur24.am