«Փաստ» օրաթերթը գրում է.
Զգացողություն է, որ Հայաստանը աշխարհաքաղաքական ծուղակի մեջ է հայտնվել։ Բոլոր խոշոր խաղացողները մեզանից ինչոր բան են ակնկալում, պահանջներ ներկայացնում, ինչ-որ բան առաջարկում։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը ևս ընդգծում է՝ ծանր, դժվար աշխարհաքաղաքական պայմաններում ենք գտնվում, բայց դրանց արձագանքն ու պատասխանն ադեկվատ չեն։ «Մեր կայունությունը, ինքնիշխանությունը պահպանելու, դիմանալու, հնարավոր ագրեսիաներից մեզ ապահովագրելու համար պետք է լիներ ներքին համախմբումը, ներողամտությունը, հանդուրժողականությունը, միասնական օրակարգի ձևակերպումը, բայց դա օբյեկտիվորեն տեղի ունենալ չի կարող։ Այս բարդ պայմաններում արտաքին ազդակներին Հայաստանի իշխանությունը պատասխանում է զուտ զիջումներով՝ իրենից ժամանակային առումով հեռացնելով հնարավոր ագրեսիան, բայց դրա համար վճարելով ծանր գին՝ մեր ինքնիշխանությամբ, տնտեսությամբ, անվտանգությամբ, ազգային արժանապատվությամբ, մեր բոլոր նպատակների վրա, ինչպես ասում են, խաչ քաշելով։ Նման գին ենք վճարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։
Մեզ համոզում են, թե Եվրոպա ենք գնում, սպասվում է վիզաների ազատականացման ռեժիմ, ազատ առևտուր եվրոպական երկրների հետ, ընդ որում՝ սա այն պայմաններում, երբ ԵՄ-ն հստակ հայտարարում է, որ, օրինակ՝ նույն վիզաների ազատականացման ռեժիմին հասնելու համար Հայաստանը երկար ճամապարհ ունի անցնելու։ «Այն, ինչը մեզ մատուցվում է, մոլորություն է։ Տպավորություն է ստեղծվում, որ շատ վճռական, սահուն քայլերով դառնում ենք եվրոպական ընտանիքի անդամ, ԵՄ անդամ ենք արդեն ուզում դառնալ, բան չի մնացել, բայց իրականում այդպես չէ։ Մարդիկ իրենց մաշկի վրա դեռ չեն զգում վիզաների ազատականացման ռեժիմը։ Իսկ հայկական արտադրանքի՝ Եվրոպա արտահանման մասին թվերն են խոսում։ Շատ չնչին դրական տեղաշարժը մեր տնտեսության վրա էական ազդեցություն չունի։ Կես կամ մեկ տոկոս ավելացած արտահանումը, այն էլ՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված եվրոպական որոշ կառույցների միջամտության պարագայում, որպեսզի Հայաստանն էլ ավելի խորանա աշխարհաքաղաքական այս արկածախնդրության մեջ, մեր տնտեսությանը լուրջ օգուտ չի տալիս։ Պետք է սթափ նայել և հասկանալ, որ իրական պոտենցիալ էլ չկա լուրջ արտահանում իրականացնելու ԵՄ երկրներ, որովհետև նրանք իրենց քաղաքացիների պահանջներին շատ նրբորեն են արձագանքում, և քանի որ մեր արտահանումը հիմնականում պետք է սննդի, գյուղատնտեսական մթերքների հետ կապված լինի, այնտեղ շատ խիստ ստանդարտներ են գործում, և դրանք բավարարելու համար լրացուցիչ մեծ ներդրումների կարիք կա։ Երկրորդ՝ մեր ապրանքը երկար ճանապարհ պետք է անցնի՝ դժվար տեղանքներ հաղթահարելով, որպեսզի վաճառվի ԵՄ երկրներից մեկում։ Ընդ որում՝ այն ապրանքները, որոնք մենք են տանելու, եվրոպական երկրներին աշխարհագրորեն ավելի մոտ գտնվող երկրներ էլ են առաջարկում։ Այստեղ մրցակցությունից դուրս ենք մնում։ Ամբողջ խնդիրն այն է, որ տնտեսությունը չի կարելի քաղաքականացնել, այն պետք է իր տրամաբանությամբ զարգանա, առաջարկպահանջարկ շուկայի օրենքը պետք է բոլոր տեղերում գործի։ Չես կարող քաղաքական նկատառումներից ելնելով՝ տնտեսական հարցեր կարգավորել, և դա իր արդյունքը տա»,-նկատում է մեր զրուցակիցը։
Հարաբերություններ զարգացնելու համատեքստում տեսնում ենք հայ-թուրքական գործարար հանդիպումներ։ «Պետք է դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը։ Ժամանակին Թուրքիան ասում էր՝ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում, և կունենանք շատ լավ հարաբերություններ։ Դրվում էր նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը չեղարկելու հարցը, բայց առաջնային էր Արցախի հարցը։ Փաշինյանը վաղուց Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, նաև ամեն ինչ արել է, որ Արցախը հայաթափված լինի, այնտեղ հայեր չեն բնակվում։ Այդ իրողությանը համարժեք տեղաշարժ կա՞ հայ-թուրքական հարաբերություններում։ Եթե ինչ-որ շոուների մակարդակով, դիվանագիտական ֆորումներով ձեռքսեղմում կամ ջերմորեն բարևում են, դա դեռևս չի նշանակում, որ տեսնում ենք Թուրքիայում լուրջ մտադրություն հայ ժողովրդի հետ հաշտվելու ուղղությամբ։ Դա չի էլ կարող լինել, հաշտությունը ստիպողականության, բռնության վրա չի կառուցվում։ Տնտեսական կապերի հաստատման մասով կարող է ինչ-որ տեղաշարժ լինել։ Յուրաքանչյուր նորմալ երկիր իր տնտեսությունը կառուցելիս նպատակ է հետապնդում որքան հնարավոր է շատ արտադրություն, ապրանք և ծառայություններ թողարկել ու դա արտահանել։ Կարո՞ղ ենք այդ առումով մրցել Թուրքիայի հետ, իրենց մատակարարել այնպիսի ապրանքներ, որոնք չունեն, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Կարծում եմ՝ հակառակը, որքանով տեղյակ եմ, նրանք պետականորեն աջակցում են գյուղատնտեսությանը, և նրանց ապրանքները շատ ավելի մրցունակ կարող են լինել։ Նրանք կարող են մեր շուկան ողողել իրենց ապրանքներով»։
Իսկ իրական դիվերսիֆիկացիա հնարավո՞ր է։ Սողոմոնյանն Ադրբեջանի օրինակն է բերում։ «Նա շատ լավ հարաբերություններ է զարգացնում իրար հետ հակամարտող աշխարհաքաղաքական կենտրոնների, պետությունների հետ։ Վերջերս տեսանք, թե Շանհայի համաժողովում ինչ ջերմ էր Ալիևի հանդիպումն Իրանի նախագահի հետ, այն պարագայում, երբ իրանական փորձագիտական շրջանակները նաև Ադրբեջանին են մեղադրում Իսրայելի օգտին Իրանի դեմ գործողություններ կատարելու մեջ։ Մի կողմից՝ ունենալ լավ հարաբերություններ Իսրայելի հետ, մյուս կողմից՝ զարգացնել հարաբերություններն Իրանի հետ։ Ունենալ լավ հարաբերություններ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ։ Սա է դիվերսիֆիկացիան։ Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին է ունենում։ Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական մեկ խաղացողի հետ հարաբերությունները լավացնելը տեղի է ունենում մյուսի հետ հարաբերությունները վատացնելու հաշվին։ Կշահի՞ Հայաստանը դրանից։ Կարծում եմ՝ ոչ։ Ավելին, ոչ միայն չի շահի, այլ մեծ խնդիրներ է ունենալու։ Ի վերջո, այն կողմը, որի հետ հարաբերությունների թվացյալ ջերմացում է տեղի ունենում, խորքային, լուրջ շահեր մեր երկրում չունի։ Իր համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման տակտիկական նշանակությունը աշխարհաքաղաքական մեկ այլ դերակատարին թուլացնելն է։ Երբ մտնում ես այդ խաղի մեջ, դառնում ես մանրադրամ։ Հետո իրենք այլ տեղ կլավացնեն իրենց հարաբերությունները, իսկ դու կհայտնվես փաստի առաջ»,-հավելում է նա։
Իսկ երկրի ներսում շատ են մարդիկ, որոնք անազատության մեջ են քաղաքական հայացքների համար։ Հայտնվել ենք մի իրավիճակում, որ անգամ քաղաքական դիրքորոշում արտահայտելիս մարդիկ զգուշավոր են դառնում, քանի որ միշտ կա այդ զգացումը՝ իսկ եթե ինձ էլ ձերբակալե՞ն։ «Այսօր արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքական դաշտում լինի մեկ խաղացող, իսկ մնացածը զբաղվեն քաղաքականությամբ այնքան, որքան իրենց թույլատրում են դա անել, այն է՝ ունենալ կատարելապես վերահսկելի միջավայր։ Այսօր գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի առաջնորդները կամ դրանցում նշանակալի ազդեցություն ունեցող մարդիկ կալանավորված են, նրանց հանդեպ տեղի են ունենում բռնաճնշումներ։ Եթե այդ մարդիկ չզբաղվեին քաղաքականությամբ, նրանց սեփականությանը երևի ձեռք չէին տա։ Պարզ երևում է, որ ամեն ինչ թույլատրելի է այնքան ժամանակ, քանի դեռ վտանգ չես ներկայացնում իշխանություն ձեռք բերելու տեսանկյունից։ Երբ այդ վտանգը ներկայացնում ես, քեզ մեկուսացնում են, ճնշում, ամեն ինչ անում, որպեսզի քաղաքականությամբ զբաղվողներ չլինեն, ուժ պրոյեկտելու, ցուցադրելու ունակ գործիչներ չլինեն։ Դա նաև այն պատճառով է, որ այս իշխանությունները շատ լավ գիտեն՝ իրենց ռեյտինգն անասելի ցածր է, Հայաստանի քաղաքացիները շատ լավ տեսնում են իրենց քաղաքականության կործանարար բնույթը։ Իրենք անընդունելի, մերժելի մարդիկ են նաև իրենց կերպարներով, ոչ միայն վարած քաղաքականությամբ։ Սա լավ գիտեն, ու քանի որ լավարկվել չեն կարող, ցանկանում են մնալ միակը քաղաքականության մեջ»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

