«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա հինգ տարում Հայաստանը մտադիր չէ վերադառնալ ՀԱՊԿ, և այն կարող է ուղղակի հեռացնել մեր երկրին անվտանգային այդ կառույցից։ «Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, և, ի դեպ, կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից: Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀին հեռացնել ՀԱՊԿ-ից: Համենայնդեպս, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- ասաց նա: Առհասարակ, լարված են հայ-ռուսական հարաբերությունները վերջին տարիներին, և այդ լարվածությունը մերթ ընդ մերթ տարբեր պրոցեսներով է դրսևորվում։ Քաղաքագետ Աղվան Պողոսյանը նշում է՝ հայ-ռուսական հարաբերություններում կա խոր ճգնաժամ, որն առաջացել է վերջին ութ տարվա ընթացքում, իսկ առավելագույնին հասել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ «Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է Հայաստանի և ՀԱՊԿ-ի, Հայաստանի և Մաքսային միության միջև առկա խնդիրների մասին։ Նա, այսպես ասած, սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Այդ դեպքում հետևյալ հարցն է առաջանում՝ երբ սառեցնում ես հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, չես մասնակցում որոշումների կայացմանը, ամեն առիթով հայտարարում ես, որ պատրաստ ես հեռանալ ՀԱՊԿ-ից, այն որևիցե աջակցություն չի ցուցաբերում քեզ, ի վերջո, ինչո՞ւ չես հեռանում ՀԱՊԿից և սպասում ես Ռուսաստանի հեռացման որոշմանը։ Սա թաքնված քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում, որովհետև իրականում հայ-ռուսական հարաբերությունների խորքային պրոբլեմներ չկային։ Իհարկե, ռուսական կողմին ուղղված խորքային հարցեր ունենք Հայ-ռուսական համաձայնագրի և այլնի մասին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այդ հարցերը դիվանագիտական խողովակներով հնարավոր չէ քննարկել։ Հայ-ռուսական հարաբերություններում առկա խոր ճգնաժամն ունի ավելի շատ աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ պայմանավորված Արևմուտք-Իրան հարաբերություններով և Արևմուտք- Ռուսաստան պատերազմով, ավելի շատ՝ Եվրոպա-Ռուսաստան, ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայությամբ։ Հիմա այս գործընթացի մեջ Հայաստանը օգտագործվում է որպես գործիք, ինչպես ժամանակին օգտագործվել է Վրաստանը՝ Սահակաշվիլիի գլխավորությամբ, և այս պահին տեսնում ենք, թե ինչպես է օգտագործվում Ուկրաինան։ Նիկոլ Փաշինյանը սպասում է այն պահին, երբ ռուսներն իրեն կհեռացնեն ՀԱՊԿ-ից, և նա ժողովրդին կասի՝ տեսաք, թե մեր վաղեմի դաշնակիցն ինչպես մեզ հեռացրեց անվտանգության համակարգից: Դա Նիկոլ Փաշինյանի ոճն է՝ սխալները բարդել այլոց վրա, շանտաժի ենթարկել։ Շանտաժը կարող է ներսում ընդդիմադիր գործիչների նկատմամբ անել, բայց աշխարհաքաղաքական հարաբերություններում այդ շանտաժը կարող է շատ ողբալի հետևանքների հանգեցնել Հայաստանի համար։ Այս պահին ՀԱՊԿ անդամ ենք։ Տարիներ շարունակ, երբ եղել ենք ՀԱՊԿ անդամ, զեղչային պայմաններով ստացել ենք զենք և զինամթերք։ Եթե դուրս գանք ՀԱՊԿ-ից, այլևս այդ արտոնություններից չենք օգտվելու։ Հարց է առաջանում՝ եթե ՀԱՊԿ-ից դուրս են գալիս, անվտանգության ո՞ր բարձիկի մեջ ենք մտնում։ ՆԱՏՕ-ն, որպես այդպիսին, Հայաստանին իր անվտանգային բարձիկ չի ընդունելու, այդ դեպքում ո՞ւր ենք գնալու։ Քաղաքական միջավայրում շատ պարզ ձևակերպումներ կան, և արդեն հասկանալի է, որ Հայաստանն օգտագործվում է և իր հարաբերությունները կառուցում է աշխարհագրորեն Արևմուտքում գտնվող պետությունների, այս դեպքում՝ թուրքական աշխարհի հետ, դա Թուրքիա-Ադրբեջան համատեղ բարձիկում ընդգրկվելն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանին կանգնեցրել է ևս մեկ ճամփաբաժանի առջև՝ ԵԱՏՄ, թե ԵՄ։ Մի կողմում՝ ռեալ առևտրաշրջանառություն, որի ծավալները վերջին ամիսներին նվազում են, մյուս կողմում՝ արտահանման իքս ծավալ և խոստումներ։ «Նախ՝ երբ խոսում ենք առևտրաշր ջա նա ռության մա ս ի ն , պ ե տ ք է ԵԱՏՄ-ից առանձնացնենք Ռուսաստանը, որովհետև մեր տնտեսական հարաբերություններն առավելագույնը ձևավորված են Ռուսաստանի հետ։ Ես բալանսավորված արտաքին քաղաքականության կողմնակիցն եմ՝ և՛ տնտեսական, և՛ արտաքին քաղաքական, և՛ ռազմական առումներով։ Բայց չեն գտել այլընտրանք, և իրենց այլընտրանքն է հայ հանրությանը մոլորեցնելը, թե գնում ենք Եվրոպա։ Կան Վրաստանի, Թուրքիայի օրինակները, որոնք տարիներ շարունակ փորձում են ԵՄ անդամ դառնալ։ Թուրքիայի նման գերհզոր պետությանը տասնամյակներ շարունակ դա չի հաջողվում։ Հայ հանրությանը խաբում են, թե ԵԱՏՄ-ից դուրս ենք գալու, որովհետև մեզ ԵՄ-ում սպասում են։ Մեր հասարակությանն ասեմ՝ Եվրոպայում մեզ չեն սպասում, Եվրոպայի հետ ապրանքաշրջանառություն տեղի չի ունենալու։ Ուզում եմ ևս մեկ կարևոր բան ընդգծել. վերջին ժամանակաշրջանում ակտիվ են Ուկրաինա-Հայաստան և Ուկրաինա-Ադրբեջան հարաբերությունները։ Այստեղ թաքնված մեսիջներ կան, որովհետև ԵԱՏՄ-ից դուրս գալը Նիկոլ Փաշինյանը փորձում է բալանսավորել Ուկրաինայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների ձևավորմամբ, արդեն նաև հարաբերություններ ստեղծել Ղազախստանի, այսինքն՝ թյուրքական աշխարհի հետ։ Պարզ ասենք՝ Ուկրաինան գազ որևէ երկրի չի մատակարարում, այն գազ գնում է, այսինքն՝ Հայաստանը, որպես այդպիսին, չի կարող Ուկրաինայից գազ գնել, այլընտրանքային գազային խողովակ այս պահին չունենք։ Երևի թե Նիկոլ Փաշինյանն ունի պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, իսկ մենք հիշում ենք, թե Արցախի շրջափակման ժամանակ ինչպես էր Ադրբեջանը վերաբերվում արցախահայությանը՝ գազային խողովակի կամ էլեկտրաէներգիայի առումով։ Այս պահին չունես այլընտրանք և փորձում ես կտրուկ փոխել քո կուրսը։ Դրա հետևանքները տեսել ենք այլ երկրների օրինակով։ Վրաստանի օրինակն է, Ուկրաինայի օրինակն է, որը բառիս բուն իմաստով կորցրեց իր ինքնիշխանությունը և աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների համար դարձել է որպես պոլիգոն, որն օգտագործվում է Ռուսաստանին հարվածելու և այլնի համար։ Այս փուլում արդեն կա երկրորդ ճակատ, և դա Հայաստանն է»,-նկատում է մեր զրուցակիցը։
Ստացվում է, որ առաջիկայում լավատեսական միտումների որևէ հիմք չկա՞։ «Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով, ակնհայտ ճնշումներ են մամուլի, խոսքի ազատության նկատմամբ։ Քաղաքագետին ֆեյսբուքում ստատուս գրելու համար ձերբակալում են և այլն։ Ասել, որ այս ամենով հանդերձ, Հայաստանը դեպի Եվրոպա է գնում, ծիծաղելի է։ Դրա համար պետք չէ ունենալ քաղաքագիտական գիտելիքներ։ Ընդամենը պետք է կարդալ ԵՄ-ին անդամագրվելու պահանջները։ Նշեմ նաև, որ ռուսական կողմը շատ լավ հասկանում է Հայաստանի արկածախնդիր իշխանության գործողությունների պլանը, դրա համար Ռուսաստանի նախագահի շուրթերով եղել է հայտարարություն՝ եթե ուզում եք գնալ Եվրամիություն, այդ դեպքում ձեզ անհրաժեշտ է կարճ ժամանակահատվածում երկրում անցկացնել հանրաքվե։ Այսինքն՝ մանևրելու տեղ չեն թողնում, չես կարող օգտվել ԵԱՏՄ-ի բարիքներից և միաժամանակ խաղեր տալ Ռուսաստանի թշնամու հետ։ Սրանք Հայաստանի ինքնիշխանությունը վերահաստատելու կամ Հայաստանը, որպես այդպիսին, սուվերեն երկիր դարձնելու քայլեր չեն։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով»,-եզրափակում է Աղվան Պողոսյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

