ՌԴ Կամչատկայի երկրամասի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ցունամիի առաջին ալիքները հասել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ափ, հայտնում է CNN-ը:
Կալիֆոռնիայում ջրի մակարդակի բարձրացումը նկատվել է Հյուսիսային Կալիֆոռնիայի Կրեսենտ Սիթիում՝ Օրեգոնի սահմանի մոտ։
Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության տվյալների համաձայն՝ դիտվել է 0,3 մետրից ավելի բարձրությամբ ալիք, և շուտով սպասվում են ավելի շատ ալիքներ։
Քաղաքը գտնվում է Հյուսիսային Կալիֆոռնիայի ափամերձհատվածում, որտեղ հայտարարվել է ցունամիի վտանգի ամենաբարձր մակարդակը։ Այս տարածքը գտնվում է ցունամիի բարձրացված ռիսկի ներքո: ԱՄՆ-ի արևմտյան ափի մնացած մասը գտնվում է ցունամիի վտանգի նախազգուշացման տակ։
Հիշեցնենք, որ Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 8,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Այն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր: Այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։
Կուրիլյան բոլոր կղզիների համար հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 150 կմ հարավ-արևելք և Հյուսիս-Կուրիլսկից 360,9 կմ հյուսիս-արևելք: Ճեղքվածքը տարածվել է առնվազն 200 կմ հարավ-արևմտյան ուղղությամբ՝ խորջրյա խրամատի առանցքի երկայնքով։
Նշվում է, որ ուժեղ հետցնցումները կշարունակվեն առնվազն մեկ ամիս: Կամչատկայի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածներ կան, բայց բոլորը գտնվում են բավարար վիճակում և առանց ծանր վնասվածքների։ Փլուզվել են մի քանի հաստատություններ։ Կամչատկայի երկրամասի կառավարությունը կրճատել է պետական մարմինների աշխատանքային օրը մինչև ժամը 13:00։
Ցունամիի վտանգ է հայտարարվել նաև Ճապոնիայում։ Երկրի կառավարությունը կոչ է արել որոշ շրջանների բնակիչներին տարհանվել։

