Երևանում շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ են սահմանվել. Քննարկում քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ընթացքում վարչական շրջանների և կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչների հետ քննարկվել են շինարարության թույլտվությամբ կատարվող քանդման և վերականգման աշխատանքների պարտադիր նորմերը: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից:

«Շինհրապարակի ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում պետք է տեղադրել կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ: Քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից պատրաստված առնվազն 1.5 մետր բարձրությամբ ժամանակավոր պատնեշներ՝ լուսանդրադարձիչ նյութերով և լուսատու սարքերով:

Այսուհետ պարտադիր է նաև ասֆալտի կտրվածքի ամբողջ պարագծով իրականացնել բիտումապոլիմերային մածիկի տեղադրում»,-նշել է կոմունալ տնտեսության վարչության պետը:

Արսեն Կարոյանը նաև ընդգծել է, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ է խստագույնս պահել սահմանված նորմերը՝ վարչական տույժերից և աշխատանքների կասեցումից խուսափելու նպատակով:

Lur24.am