«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանն անձամբ և նրա թիմակից-հանձնակատարներն էլ՝ խմբակային, թե առանձին-առանձին, մի խոսքով՝ ՔՊ-ով ու սատելիտներով ականջակոշտուկում են «խաղաղության պայմանագիր» բառակապակցությամբ:
Փաշինյանական իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում վերջերս գերիշխում է այն թեզը, թե Ալիևին առաջարկում ենք ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերը, իսկ չհամաձայնեցվածները… ընթացքում համաձայնեցնել:
Ու այս ամենից խրձերով հարցեր են ծագում: Խրձերից առանձնացնենք մեկ-երկու հասկ ու հատիկ-հատիկ դիտարկենք:
Նախ՝ «համաձայնեցված կետերի» մասին բազմաթիվ հայտարարությունների հորձանուտում անհետանում է առանցքային հարցը. իսկ կոնկրետ ինչի՞ վերաբերյալ է այս կամ այն կետը: Ի՞նչ կետեր են բանակցություններում քննարկվում, առհասարակ, ինչի՞ վերաբերյալ են համաձայնությունները:
Փաշինյանն ու նրա շահերն սպասարկող «նիկոլփաշինյանները» սրա մասին լռում են: Այնինչ, ակնհայտ է, որ հայտարարված անմիջնորդ հայ-ադրբեջանական բանակցություններում թելադրողը ադրբեջանական կողմն է: Փաշինյանական իշխանությունը եթե այդ բանակցություններում ինչ-որ դիրքորոշում դրսևորում էլ է, ապա այն հանգիստ կարելի է բնութագրել հայտնի անեկդոտային արտահայտությամբ, այն է՝ «տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չեմ գալիս»: Մի խոսքով, Հայաստանի, հայության շահերը պաշտպանելու տեսանկյունից այդ «բանակցություններում» ողորմելի վիճակ է. Կիրանցի հանձնումը, ուրացված Արցախի հիշատակումն անգամ «ջնջած ունենալու» փաստերը՝ հապացույց:
Դե, Արցախը ուրանալու և հայաթափելու, Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելու հարցում փաշինյանական իշխանության պաշտոնական դիրքորոշումը արդեն լրիվ բացահայտ է և օրերս ձևակերպվեց ամենաբարձր մակարդակով հնչեցված՝ մոտավորապես «հանձնել ենք, լավ ենք արել» դրոշմով:
Վերադառնանք, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրին», որով, ինչպես ասվեց, փաշինյանական իշխանությունն ուղղակիորեն արդեն ականջ է կոշտուկում: Դրա բովանդակությունն անհայտ է: Բովանդակությունն՝ իր հերթին: Անհայտ են գոնե համաձայնեցված (կամ քննարկվող) կետերի, այսպես ասենք, գոնե ընդհանուր բնութագրերն ու մոտեցումները:
Ոնց որ մեկին վարձես՝ որպես բրոքեր, որ քո անշարժ գույքի հետ կապված գործարք անի: Նա էլ գա, թե՝ «գործը կպել է, պայմանագիրը պատրաստ է»: Ու գույքատերը բռնում և պայմանագիրը կնքում է, իսկ հետո այն բացում է ու տեղեկանում, որ այդ գործարքի դիմաց ինքը ոչ միայն «օղաբլիթի անցք» է ստացել, այլև դեռ մի բան էլ պիտի մյուս կողմին գույքի հնգապատիկի չափով վճարի, իսկ վերջում էլ գնա ու մոտակա սակուրայի ծառից կախվի:
Չէ, իսկապես: Ի՞նչ է գրված այդ «պայմանագրում»: Դա «խաղաղությա՞ն պայմանագիր» է, թե՞ նոր կապիտուլյացիոն ակտ, դա «ղուշուգի՞ր» է, թե՞ «ղազագիր»:
Կամ՝ Հայաստանի Սահմանադրությունը «հեչ անելու», Անկախության հռչակագիրը չեղարկելու ադրբեջանական պահանջի վերաբերյալ Փաշինյանն արդեն համաձայնե՞լ է: Կամ՝ Հայոց բանակը լուծարելու կետի շուրջ «կողմերը» համաձայնե՞լ են: Կամ՝ Հայաստանը հարյուր հազարավոր թուրքերով հեղեղելու կետին համաձայնե՞լ է:
Իրենք կասեն՝ ոչ: Բայց ասեն-չասեն, ո՞վ է տեսել, թե այնտեղ ինչ է գրված: Նկատի ունենք՝ նորմալ, ոչ պաշտոնյա հայերից ո՞վ է տեսել:
Երկրորդը, որ ոչ պակաս էական է: Խոսքը «եկեք համաձայնեցվածներն ստորագրենք, իսկ մնացածը՝ հետո» թեզի մասին է: Նախ՝ հարց է ծագում, թե այդ ինչո՞ւ են այդպես շտապում: Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ներկայացուցիչները «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ իրենց նախորդ ճառերում դա այնպես էին ներկայացնում, թե մի համապարփակ բան է լինելու, թե դա առկա խնդիրների խորքային լուծում է, այս, այն:
Հիմա արդեն «երգում են» համաձայնեցված ինչ-ինչ կետեր ստորագրելու, մնացածը հետո, ընթացքում, քիչ-քիչ ստորագրելու մասին:
Այդ դեպքում, կներեք, դա ոչ թե պայմանագիր է (անունն ինչ ուզում եք, դրեք), այլ ընդամենը «շրջանակային համաձայնագիր», կամ ավելի ցածր կարգավիճակ ունեցող մի բան, ասենք՝ «մտադրությունների մասին հուշագիր»:
…Գիտեք, երբեմն թվում է, թե Հայաստանի ու հայության վրա ինչ-որ դաժան գիտափորձ են անում՝ պարզելու համար, թե որևէ հասարակություն որքա՞ն կարող է հանդուրժել բացարձակապես անհանդուրժելին: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե «խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ կարող են ապահովություն ունենալ, չարաչար սխալվում են: Դուք երբեք ու երբեք չեք կարող պայմանավորվել մեկի հետ, որի նպատակը ձեզ բնաջնջելն է: Իսկ նրանք, ովքեր խաղաղություն են մուրում, միշտ ստանում են և՛ խայտառակություն, և՛ պատերազմ:
Առնվազն մինչև օրս «խաղաղության» մասին Փաշինյանի բոլոր հայտարարությունների շարունակությունը եղել են մարտական գործողություններ, կորուստներ, զոհեր, նոր սպառնալիքներ: Ըստ երևույթին, նույն փոցխի վրա ցատկոտելը սիրելի մարզաձև է դառնում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում