Վերաքննիչ դատարանը կասկածի տակ դրեց Ավետիք Չալաբյանի գործով հիմնական «ապացույցի» օգտագործման իրավաչափությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական հերթական նիստը։ Պետական մեղադրողը կարճ ելույթ ունեցավ, ինչին հաջորդեց դատավորների կոլեգիայի և պետական մեղադրողի միջև հարց ու պատասխանը: Ըստ էության, այնպիսի տպավորություն էր, որ դատարանը կասկածի տակ է դնում պետական մեղադրողի ներկայացրած մեղադրական եզրակացության հիմնավորվածությունը: Դեռ ամիսներ առաջ Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց իբր ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելու համար Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Շրջանառվեց հայտնի ձայնագրությունը:

Չալաբյանի պաշտպանական թիմն ի սկզբանե հայտարարեց, որ ձայնագրությունը շրջանառվել է անհայտ աղբյուրի կողմից և ապօրինի կերպով է արվել: Ձայնագրության մասով դատավորների կոլեգիայի և մեղադրող դատախազի միջև ուշագրավ երկխոսություն ծավալվեց: Դատավորը հարցնում է պետական մեղադրողին, թե որտեղի՞ց է հայտնվել ձայնագրությունը: Վերջինս արձագանքում է՝ ոստիկանության մշտադիտարկման արդյունքում համացանցում հայտնաբերվել է ենթադրյալ հանցանքի վերաբերյալ ձայնագրություն:

Ոստիկանության աշխատակիցը ներկայացրել է զեկուցագիր, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատավորը հետաքրքրվում է՝ հարցաքննվե՞լ է այն կայքի աշխատակիցներից մեկը, որտեղ հայտնվել է այդ ձայնագրությունը: Պարզվում է, որ մեղադրող կողմը չի կարողացել պարզել, թե ով է կառավարում այդ հարթակը, հարցումներ են ուղարկվել, բայց պատասխան չեն ստացել: Ստացվում է՝ անհայտ է այն սուբյեկտը, որը շրջանառության մեջ է դրել այս ձայնագրությունը, որի հիման վրա հետագայում քրեական գործ է հարուցվել:

Դատավորն ակնարկում է նաև ձայնագրության ապօրինի կերպով արված լինելու փաստը. «Չգիտեք, թե ով է ձայնագրել, ով է տեղադրել այն այդ հարթակում և հարթակն ում կողմից է կառավարվում»: Դատավորների կոլեգիան արձանագրեց՝ որքանո՞վ է իրավաչափ ոչ օրինական ճանապարհով, չբացահայտված աղբյուրով հրապարակված ձայնագրությունը ներկայացնել որպես գործով հիմնական ապացույց: Դատախազը փորձեց տարբեր օրինակներով «ապացուցել» մեղադրող կողմի ճշմարտացիությունը, ի վերջո, որպես ամփոփում արձագանքեց՝ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը եղել է օպերատիվ հետախուզական մարմնի հաղորդումը: Առաջարկ հնչեց դատավորի կողմից՝ համարենք, որ չկա այս ձայնագրությունը, ի՞նչ այլ փաստական տվյալներ և ապացույցներ կան, որոնք ապացուցում են Չալաբյանի մեղավորությունը մեղսագրվող արարքում:

Օրինակ՝ որևէ տեղեկատվություն կա՞, որ Ավետիք Չալաբյանն առաջարկել է գումար: Նշենք, որ այս գործով չորս անուն է շրջանառվում՝ Ավետիք Չալաբյան, ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյան, Էմմա Սարգսյան, Արման Սահակյան: Այսպիսով՝ պետական մեղադրողը մեջբերում է Էմմա Սարգսյանի ցուցմունքը, որն իրականում ավելի շատ տարակարծությունների առիթ է տալիս: Այս ցուցմունքն ուղիղ չի մատնանշում Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքի կատարված լինելու հանգամանքը։ Դատավորի և դատախազի հարց ու պատասխանից էլ պարզ է դառնում, որ Թոռնիկ Ալիյանն է խոսում ֆինանսական հարցերից, ուսանողներին փողոց դուրս բերելուց և այլն: Բացի դա, հետագայում իր ցուցմունքում նա կասկած է հայտնում Ավետիք Չալաբյանի՝ այս գործին մասնակից լինելու մասով, քանի որ փաստացի իբր Չալաբյանի և իր միջև միջնորդ է հանդիսացել Էմմա Սարգսյանը: Թոռնիկ Ալիյանը նաև մտահոգություն է հայտնում, որ այդ ձայնագրությունն իր նկատմամբ շանտաժի միջոց է: Դատարանի համար տարակուսելի է նաև, թե ինչո՞ւ այս գործով առանձնացված մասով մեղադրյալ Արման Սահակյանը չի հարցաքննվել այն պարագայում, երբ նա նման պատրաստակամություն հայտնել է:

Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, որ Սահակյանը ցուցմունք տա որպես վկա, սակայն դա մերժվել է պետական մեղադրողի կողմից: Ըստ նրա, պաշտպանության կողմը միջնորդել է Արման Սահակյանին հարցաքննել տեսակապի միջոցով, ինչի դեմ առարկել է պետական մեղադրողը: Նրա պնդմամբ, Սահակյանը հանդիսանում է մեղադրյալ, իսկ մեղադրյալին տեսակապով հարցաքննելու ընթացակարգ առկա չէ: Պետական մեղադրողն առարկել է նաև պաշտպանության կողմի այն դիտարկմանը, որ Սահակյանը հարցաքննվի որպես վկա: Այս համատեքստում դատավորը պետական մեղադրողին հիշեցրեց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների մասին, որոնց համաձայն՝ վկա է յուրաքանչյուրը, ով որևէ տեղեկություն ունի, այդ թվում նաև մեղադրյալը: Արման Սահակյանին որպես վկա՞, թե՞ մեղադրյալ հարցաքննելու դատավորի և դատախազի հարց ու պատասխանը հանգեց այն կետին, երբ դատավորն արձանագրեց՝ դատարանը կորցրել է Սահակյանին հարցաքննելու հնարավորությունը, որը կարող էր լույս սփռել տեղի ունեցածի վրա:

Նշենք, որ կայացված դատավճռով սահմանափակվել է Ավետիք Չալաբյանի հանրահավաքներ կազմակերպելու և մասնակցելու իրավունքը, որը երաշխավորված է Սահմանադրությամբ: Այս մասով Քրեական օրենսգրքում ուղիղ սահմանափակում նախատեսված չէ, սակայն պետական մեղադրողն արձագանքում է՝ ենթադրյալ հանցանքը վերաբերում է նյութապես շահագրգռելու միջոցով անձանց ներգրավելուն: Եվ հենց արարքի բնույթով է պայմանավորված դատավճիռը: Դատախազը որևէ խնդիր չի տեսնում քաղաքացու հիմնարար իրավունքի սահմանափակման մասով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Lur24.am