Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին վեց տարվա ընթացքում կադրային փոփոխությունների պակաս չենք ունեցել։ Բայց, բնականաբար, կադրային փոփոխությունների շրջապտույտից իրավիճակը չի փոխվել, քանի որ պետական կառավարման բուրգի գագաթին շարունակում է կանգնած լինել Նիկոլ Փաշինյանը։ Մնացյալն, ինչպես ասում են, ածանցյալ է: Ընդհանուր առմամբ, նրա վարած կադրային քաղաքականության մեջ տրամաբանություն գտնելն անհնար է, քանի որ այնպիսի անհասկանալի ազատումներ, նշանակումներ ու «ռակիրովկաներ» կարող են արվել, որ դժվար կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչ սկզբունքներով է կադրային քաղաքականությունն իրականացվում։ Օրինակ՝ կրթության գործոնն ընդհանրապես չի աշխատում։

Իշխանության բուրգի գագաթին կանգնած մարդու համար կրթության ու ընդհանուր զարգացածության թեմաներն եղած-չեղածի հաշիվ են, քանի որ տեսել ենք, թե գիտելիքների պակաս ունեցող մարդիկ ինչպես կարող են դառնալ առանձին կարևոր ոլորտների համակարգողներ։ Նման պաշտոնյաների շարքը քպական իշխանության դեպքում այնքան շատ է, որ նույնիսկ անիմաստ է թվարկելը։ Փորձի առանձնահատկությունը ևս հաշվի չի առնվում, քանի որ մի նորաթուխ, անփորձ «քայլիստ» կարող է շատ ավելի մեծ առաջխաղացում ունենալ, քան թե տարիներ շարունակ փորձ կուտակած մասնագետները։ Հաշվի չեն առնվում նաև մի շարք ոլորտների առանձնահատկությունները։ Աշխատանքի արդյունավետության, գրանցված հաջողությունների և արդյունքների մասին չենք էլ խոսում, դա «քպիզմի» պարագայում անիմաստ է։

Ինքը՝ Փաշինյանը, այս իրավիճակը պարզաբանում է նաև այն հանգամանքով, թե քաղաքական թիմի ներկայացուցիչներ պետք է նշանակվեն, քանի որ եթե համակարգի ներսից են նշանակվում, ապա այդ մարդիկ չեն փորձում քաղաքական պատասխանատվություն ստանձնել, իսկ ազատվելուց հետո էլ համալրում են ընդդիմության շարքերը։ Դրա համար էլ շատ դեպքերում այդ համակարգերի ներսում ներքին դիմադրություն է առաջանում, քանի որ նախարարությունների ու ստորաբաժանումների հնաբնակների շրջանում, որոնք մեծ փորձ ու գիտելիքներ են կուտակել տվյալ ոլորտում, ուղղակի դժգոհություններ են առաջ գալիս, այդ թվում՝ իջեցված անտրամաբանական հրահանգներից։ Եղել են նաև դեպքեր, որ մի շարք աշխատողներ էլ լքել են պետական համակարգը։ Մեկ այլ հարց է, որ պետական կառավարման ապարատում բարձիթողի վիճակ է, որտեղ ամենակարևոր մոտիվացիան պետության հաշվին աշխատավարձ ու պարգևավճարներ ստանալն է դարձել։

Այս ամենով հանդերձ, որպես կանոն՝ Փաշինյանն արձանագրված ձախողումները ջարդում է որոշ պաշտոնյաների գլխներին, իսկ հետո փոխում նրանց՝ դարձնելով քավության նոխազ։ Նույնիսկ կարևոր չէ այն հանգամանքը, թե որքան ջանասիրությամբ էր այդ պաշտոնյան փորձում ապացուցել իր հավատարմությունը Փաշինյանին։ Նրանց կարելի է ձեռնոցի պես փոխել։ Ու ոչ միայն ձեռնոցի: Ու ոչ միայն փոխել: Քիչ չեն նաև դեպքերը, երբ գործեր են հարուցվել տարբեր պաշտոնյաների վրա, բայց դրանից առաջ նրանք համարվում էին իշխանություններին հավատարմորեն ծառայող անձինք: Ստացվում է՝ նրանք «պատահաբար» ներգրավվեցին կոռուպցիոն գործընթացներում, իսկ, այ, իշխանությունը կապ չունի կոռուպցիայի հետ, սրբություն սրբոց է, միայն թե այդ մի քանիսը շեղվեցին «ճշմարիտ» ուղուց։ Ծիծաղելի է, բայց սա է իրականությունը:

Օրերս էլ Փաշինյանը հանկարծ քնից զարթնեց ու «հասկացավ», որ բողոքներ կան իրավապահներից, քանի որ երկրում դեռ «թպրտացողներ» կան, որոնք վերևից են նայում պետությանն ու ժողովրդին, ու կոշտ հանձնարարականներ տվեց իրավապահ մարմինների ղեկավարներին։ Իսկ դրանից մի քանի օր հետո էլ մի ժամվա մեջ հանկարծ պարզվեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվում են աշխատանքից։ Թե ինչու, դա այլ քննարկման հարց է: Հիմնականը, կարծես, այս պահին այն է, որ արտաքին՝ արևմտյան հանձնարարությունները կատարելուց զատ, այս գործընթացով Փաշինյանը փորձում է ինչ-որ քննարկումների դաշտ ստեղծել, թե իբր նոր իմիջով է հանդես գալիս… Դե, սափրվելն արդեն տեսանք…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Lur24.am