Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի 2020 թ.-ին Գյանջային հասցված հարվածը»,-օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանի կողմից սպառնալից հայտարարություններն ու պահանջներն իրականում նորություն չեն: Սակայն խնդիրն այստեղ այն է, թե ի՞նչ է տվել Հայաստանին՝ անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին: Օրինակ՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գտնում է, որ ոչ մի իրական քաղաքական կամ իրավական օգուտ Երևանին դա չի տալիս, հակառակը՝ ՀՀ-ն պարտավորություններ է ստանձնում, որոնք կարող են հարվածել հայկական պետական երկարաժամկետ շահերին. «Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է հետաքննել պատերազմի արդյունքում տեղ գտած դեպքերը, սակայն Երևանն ի պատասխան Բաքվից չի պահանջում հետաքննել Արցախում տեղի ունեցած հայերի էթնիկ զտումները, ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ, ֆոսֆորային զենքի կիրառումն և այլն։
Բացի այդ, Հռոմի ստատուտին միանալը հանգեցրեց լարվածության հայ-ռուսական հարաբերություններում՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցի և հնարավոր ձերբակալության հետ։ ՀՀ-ն, իհարկե, երբեք չի գնա նման քայլի, սակայն Հռոմի ստատուտին միանալն արդեն իսկ Մոսկվայում ընկալվեց ոչ միանշանակ»։ Նշենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնարար պայմանագիրը` Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ երկիրն է։ Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից. խորհրդարանն այն վավերացրել է 2023-ի հոկտեմբերի 3-ին։ Շատ քաղաքագետների կարծիքով, Հռոմի ստատուտին միանալը Նիկոլ Փաշինյանի ու իր ՔՊ-ի հերթական ռևերանսն էր դեպի Արևմուտք ու հակառուսական արտաքին քաղաքականության շարունակվող դրսևորումը։
«Փաշինյանն ու ՔՊ-ն կազմաքանդել են հայոց պետականության անվտանգության հենասյուները՝ Արցախը, որպես ՀՀ-ի ու մասնավորապես Սյունիքի վահան ու թիկունք, հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները՝ դրա դիմաց չստանալով Արևմուտքի համարժեք աջակցությունն ու փոխհատուցումը, ինչպես նաև հայոց պետականության թիվ մեկ երաշխավորի՝ բանակի ողնաշարն են կոտրել ու շարունակում են թուլացնել անվտանգության բոլոր բաղադրիչները։ ՀՀ գործող իշխանություններն իրական անվտանգությունն ամրապնդելու փոխարեն ցանկանում են, անդամակցելով ինչ-որ կառույցների, որոնք այսօր գեոպոլիտիկայում ոչինչ չեն որոշում, փոխհատուցել ՀՀ անվտանգության համակարգում առկա վակուումն ու բացերը, սակայն ապարդյուն»,-նշում են ալիքի հեղինակներն ու հավելում, որ Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական ագրեսիան ու էթնիկ զտումներն իրականացնելիս անտեսել է ու այժմ էլ անտեսում է միջազգային իրավունքն ու նորմերը, այդ թվում՝ հումանիտար։ Այսօր աշխարհում ուժն ու ռազմա-քաղաքական, ֆինանսական հզորությունն են որոշիչ դեր խաղում՝ realpolitik-ը, այլ ոչ թե ինչ-որ միջազգային պայմանագրերը կամ միջազգային հանրության ոչինչ չասող դատապարտող հայտարարությունները։
Ըստ «Հանրապետության հրապարակի» վերլուծաբանների, երբ Ադրբեջանը որոշում կայացնի հարձակվել այս անգամ Սյունիքի վրա՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար, Բաքուն անտեսելու է ՀՀ-ի անդամակցությունը Հռոմի ստատուտին, քանի որ նույն Արևմուտքը շարունակում է միլիարդավոր դոլարների նավթ ու գազ գնել Ադրբեջանից ու այդ երկիրն ընկալել որպես ելք դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա, ինչպես նաև Իրանի դեմ հնարավոր պլացդարմ՝ ապագա պատերազմում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Lur24.am