«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի կոնկետ՝ այս օրերին Հայ առաքելական եկեղեցու և սկսված շարժման դեմ հակաքարոզչության մակարդակից և արդյունքներից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանգստյան օրերին նա նույնիսկ «պատերով է տվել» իր տեղեկատվական բլոկի պատասխանատուներին: Բանն այն է, հակաքարոզչությունը ապարդյուն է անցնում, չնայած այն բանին, որ ահռելի քանակությամբ նոր ֆեյք էջեր են բացել ու լցրել սոցցանցեր, զգալի ռեսուրսներ են ներդրվում: Իսկ ինչո՞ւ է անարդյունավետ: Փորձագետների համոզմամբ, կա մի քանի պատճառ: Նախ՝ ապաշնորհությունը, ապա՝ նույնիսկ այս իշխանությունների համար ստի դոզայի չափազանց անհավատալիությունն ու պարզունակությունը, ինչը, ըստ շատ մասնագետների, պարզապես ողորմելի տպավորություն է թողնում:
Փաշինյանի «փիարչիների» շրջանառած մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ սոսկ ծիծաղ են շարժում, ու ոչ մի մեղադրանք չի «կպնում» Բագրատ Սրբազանին, նրա գլխավորած շարժման մասնակիցներին, եկեղեցուն ընդհանրապես: Երկրորդ՝ փաշինյանական սատելիտները, այսինքն՝ մերձիշխանական շրջանակները, նաև հենց «փիարչիները» չեն կարողանում թաքցնել իրենց անհանգստությունն ու տագնապը, որն արտահայտվում է հիստերիկ, իբր հեգնական արձագանքներով: Սա մեխանիկորեն տարածվում է նաև քպական «շարքերի» վրա, որքան էլ, մեր տեղեկություններով, Փաշինյանը ներքին կարգով մեսիջներ է ուղարկում յուրայիններին, թե «ամեն ինչ կարգին է»:
Ի լրումն, փողոցով իշխանության եկածները… «փողոցով իշխանափոխության» դեմ են խոսում, ինչն առնվազն հեգնական արձագանքներից ավելին չի հարուցում սոցցանցերում: Ըստ այդմ, չի բացառվում, որ տեսնելով՝ «թիմը» գործ չի անում կամ, մեղմ ասած, լավ չի աշխատում, Փաշինյանը փորձելու է իր ձեռքը վերցնել ընթացքը: Հնարավոր է՝ հենց դրա համար էլ նա այսօր հերթական ասուլիսն է կազմակերպում…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում