«Թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին տարածաշրջանն անհրաժեշտ է իր ամբողջության մեջ. մեր տարածաշրջանում մշտապես լինելու է պայքար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր պետության կայացվածությունը, ուժը, ինստիտուցիոնալիզմը դրսևորվում է իր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության դոկտրինալ բնույթով: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը, երբ առաջարկում ենք մեկնաբանել Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: «Դոկտրինալ բնույթ նշանակում է տվյալ պետության հստակ ռազմավարությունն իր ապագայի նկատմամբ հինգ, տասը, քսան, հարյուր տարի հետո: Հայկական իրականության մեջ բավականին դժվար ընկալելի է հնչում երկարատև ժամանակահատվածով երկրի թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքականությունը դիտարկելը: Սա արդյունքն է նրա, որ Հայաստանի յուրաքանչյուր իշխանություն իր ժամանակահատվածով է միայն դիտարկել երկրի ֆունկցիոնալ գործառույթները: Սա պատճառներից մեկն է, թե ինչու չունենք դոկտրինալ արտաքին քաղաքականություն:
Քանի որ դա չունենք, ապա տրամաբանական է, որ ունենք ռեակտիվ և ցայտնոտային արտաքին քաղաքականություն: Ռեակտիվ արտաքին քաղաքականությունն այն է, որ մեր երկրի իշխանություններն արտաքին մարտահրավերներին արձագանքում են վերջին պահին՝ տվյալ իրավիճակից կախված, իսկ դոկտրինալ արտաքին քաղաքականության պարագայում կունենայինք բոլորովին այլ իրավիճակ: Հստակ բանաձև կունենայինք, թե ցանկացած ճգնաժամ կամ մարտահրավեր տվյալ բանաձևի մեջ ինչպես ենք հաղթահարելու, և տվյալ մարտահրավերը մեզ ուր է հասցնելու: Դոկտրինալ արտաքին քաղաքականությունը հնարավորությունների արտաքին քաղաքականություն է, երբ յուրաքանչյուր մարտահրավերի լուծման հստակ բանաձևն ունես, յուրաքանչյուր մարտահրավերից քաղում ես առավելագույն օգուտը, ոչ թե այդ մարտահրավերը քեզ համար դառնում է մահացու հարված»,-նշում է մեր զրուցակիցը:
Հայաստանի այժմյան արտաքին քաղաքականությունը, ըստ Պողոսյանի, կարելի է բնորոշել որպես ռեակտիվ և ցայտնոտային: «Մեր բոլոր քայլերը կախված են տվյալ պահից, իրավիճակից և իշխանության ընկալումներից: Ինչպես կընկալի տվյալ իշխանությունը, ինչպիսի կապերով կապված կլինի այս կամ այն կենտրոնի հետ, ինչպիսի ազդեցություն կտեսնի երկրի ներսում ապագա ընտրությունների, իր իշխանության դիրքերն ամրապնդելու համար, այդպիսին էլ կլինի արտաքին քաղաքականությունը:Այս իշխանությունները խոստացել են տնտեսական աճ, որը վերջին շրջանում ակնհայտորեն նվազում է: Թե՛ ԲՐԻԿՍ-ը, թե՛ ԵԱՏՄ-ն առաջին հերթին տնտեսական միություններ են, որտեղ խոսքն առևտրաշրջանառության, տեխնոլոգիաների փոխանակման կամ զարգացման, լոգիստիկ ուղիների մասին է: Սա նաև լրջագույն քաղաքական գործիք է: Բայց Հայաստանի իշխանությունները սա դիտարկում են որպես առևտրի, եկամուտ ստանալու միջոց: Կարծում եմ՝ սարսափելով այն մտքից, որ ինչ-որ մի օր երկիրը կկանգնի տնտեսական կոլապսի առջև, փորձում են պահել իրենց տեղը տնտեսական այս կառույցներում: Հաճախ հայտարարում են, որ ԵԱՏՄ-ն չպետք է քաղաքականացնել, բայց ցանկացած միություն առաջին հերթին քաղաքական միություն է, իսկ տնտեսությունն էլ քաղաքականություն է որ կա»,-ընդգծում է քաղաքագետը:
Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը, երկրի նախագահը և ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Դեռ շաբաթներ առաջ խոսվում էր ընտրություններից հետո երկրում հնարավոր խժդժությունների մասին: Մյուս կողմից՝ Իրանին լայնածավալ պատերազմի մեջ ներքաշելու Իսրայելի փորձերը շարունակվում են, Իրանը «համառում» է, չի ցանկանում պատերազմի կողմ դառնալ: Ինչպիսի՞ իրավիճակում է այսօր մեր տարածաշրջանը, և ինչպե՞ս պետք է իրեն դիրքավորի Հայաստանը:
«Ինչպես քաղաքագետ և պետական գործիչ Զբիգնև Բժեզինսկին էր իր հայտնի աշխատության մեջ նշում, եկեք տարածաշրջանը դիտարկենք որպես շախմատի տախտակ, որտեղ յուրաքանչյուր կողմ դիրքավորվում է ըստ իր հեռագնա ռազմավարության: Այս տարածաշրջանային պայմանական շախմատի տախտակի վրա այս պահին փորձում են դիրքավորվել երկու հիմնական բևեռներ և դրանցից ածանցյալ նաև այլ ուժային կենտրոններ: Խոսքն Արևմուտքի և Ռուսաստանի, տարածաշրջանային տերությունների մասին է, ընդ որում՝ Արևմուտք ասելով պետք է բաժանում մտցնենք Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև, Եվրոպական Միության մասին խոսելիս պետք է նաև առանձնացնենք նրա մի շարք անդամ երկրներ և մնացյալ ԵՄ-ը, նկատի ունեմ Ֆրանսիան, Նիդերլանդները և այլն՝ ավանդական այն պետությունները, որոնք ունեն պրոհայկական կեցվածք, և պետություններ, որոնք տնտեսական և այլ շահերով պայմանավորված կախում, գուցե համակրանք ունեն Ադրբեջանի նկատմամբ: Պետություններ կան, որոնք, լինելով ՆԱՏՕ-ի գծով գործընկեր Թուրքիայի հետ, ունեն թե՛ ռազմական, թե՛ լոգիստիկ փոխշաղկապվածություն Թուրքիայի հետ: Այս ամենի համայնապատկերում տեսնում ենք, որ Վրաստանում ակտիվ նախընտրական քարոզչությունը սկսվեց «դեպի Ռուսաստան» և «դեպի Եվրոպա» լոզունգներով:
Արևմուտքը և պրոարևմտյան ուժերը Վրաստանում իշխանությանը ներկայացնում էին որպես դեպի Ռուսաստան գնացող ուժ, թե սա ինչքանով է հիմնավորված, քննարկման հարց է, իսկ հակառակ ուժերը կամ իշխանությունը մեղադրում էր հակառակ ճամբարին Վրաստանը դեպի ուկրաինացման, պատերազմ տանողի կամ, այլ կերպ ասած, «պատերազմի կուսակցություն» էր անվանում: Այսպիսի բավականին ռադիկալ մթնոլորտում էր անցնում նախընտրական քարոզչությունը, ակնհայտ էր, որ այստեղ Արևմուտքի ուժերի ամրապնդման և նրա դիրքերի թուլացման պայքար էր շարունակվում: Ընդ որում՝ իշխանությունն այս պարագայում պրագմատիկ քաղաքականության միջոցով փորձ էր անում Վրաստանը հնարավորինս հեռու պահել բախումների թատերաբեմ, հակամարտության կողմ լինելուց, հակառակը՝ հատկապես վերջին շրջանում իշխանությունների քարոզչության մեջ նկատվում էին 2008 թ.-ին Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի արդյունքում Վրաստանից անջատված տարածքների՝ Վրաստանին խաղաղ ճանապարհով միանալու թեզերը»,-ասում է մեր զրուցակիցը:
Հավելում է՝ Հայաստանի իշխանությունը պարտավորված է աշխատել Վրաստանում ընտրված իշխանության հետ: «Այլ ճանապարհ չունենք: Հայաստանի իշխանությունները, հատկապես մերձիշխանական շրջանակները, որոնք այս կամ այն կերպ քննադատում էին, իսկ հիմա էլ սկսել են մեղադրել Վրաստանի իշխանություններին կեղծիքների և այլնի մեջ, մեծագույն վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետությանը: Ով էլ լինի իշխանություն Վրաստանում, պարտավորված ենք աշխատել նրա հետ: Դա վրացի ժողովրդի ընտրությունն է: Ինչ վերաբերում է քաղաքական այս կամ այն բլոկի իշխանություն լինելուն, կարծում եմ՝ բոլոր կենտրոններին՝ թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, տարածաշրջանն անհրաժեշտ է իր ամբողջության մեջ և ոչ թե առանձին Վրաստան, Ադրբեջան կամ Հայաստան: Որ կողմի դիրքերն էլ ուժեղ լինեն Վրաստանում, սա դեռ չի նշանակի, որ տարածաշրջանն այդ կողմինն է: Տարածաշրջանում մշտապես լինելու է պայքար: Կարծում եմ՝ մեր տարածաշրջանի ապագան հավասարակշռված քաղաքականությունն է, ինչպես հատկապես Վրաստանի այսօրվա քաղաքականությունը, որն, իմ կարծիքով, բավականին հավասարակշռված է»,-ընդգծում է քաղաքագետը:
Շեշտում է՝ Իրանը, որպես տարածաշրջանային խաղացող, ի տարբերություն Վրաստանի, ունի բավականին մեծ ազդեցություն տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, ռեսուրսային, նյութատեխնիկական, տեխնոլոգիական, քաղաքական բավականին լուրջ ռեսուրսների է տիրապետում: «Ցանկացած տեղաշարժ Իրանում և Իրանի շուրջ ուղիղ ազդեցություն է ունենալու մեր ողջ տարածաշրջանի և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի վրա: Անկախ նրանից՝ այդ տեղաշարժերը կլինեն դրական, թե բացասական, իրենց ազդեցությունն անպայմանորեն ունենալու են ամբողջ տարածաշրջանի վրա: Իրանական քաղաքականությունն ավանդաբար կշռադատված, երկար հաշվարկող արտաքին քաղաքականություն է: Իրանում բավականին լավ են հասկանում և՛ տարածաշրջանում, և՛ գլոբալ աշխարհում տեղի ունեցող զարգացումները: Հաճախ այն պատրանքները, որ ուր որ է Իրանը լայնամասշտաբ պատերազմ կսկսի, Իրանում շատ ավելի ադեկվատ են ընկալում: Իրանական պատասխանները ևս հուշում են այն մասին, որ Իրանն այս պահին չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ, Իրանը պատրաստ չէ իր դիրքերը զիջել տարածաշրջանում՝ որպես ռեգիոնալ տերություն, և պատրաստ է համագործակցել կամ գնալ հարաբերությունների մեղմացման նաև Արևմուտքի հետ: Իրանն ունի ինստիտուցիոնալ, երկարատև արտաքին քաղաքականության և պետականության հիշողություն, ինչն արտահայտվում է իրանական արտաքին քաղաքականության մեջ»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Lur24.am