Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին

Լրատվամիջոցներով տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հսկողություն իրականացնում «Վագա-ֆարմ»-ի 22 դեղատներում: Եվ ստուգումների արդյունքը՝ վարչական  իրավախախտման 25 դեպք, որից պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառք՝ 12, չթույլատրված ապրանքատեսականու վաճառքի՝ մինչև 50 միկրոնի պոլիէթիլային պարկերի՝ 2, առանց թույլատվության գովազդի տեղադրման՝ 11:

Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է: Օրինակ՝ տեսանյութում ներկայացվում է 06.2026 թվականին արտադրված ծովի աղ՝ պիտանելիության 2 տարի ժամկետով,  արտադրողի մակնշումով, որն արտացոլում է նաև պիտանելիության ժամկետը: Դա  ներկայացնում են որպես կրկնակի գնապիտակ  ու ընդգրկում ՙ վարչական իրավախախտումների երկար ցանկում՝ որպես պիտանլիության ժամկետի խախտման դեպք:
Նույն սկզբունքով՝ մյուս «խախտումները»:

Իսկ գովազդի տեղադրման խախտումների բոլոր դեպքերով քաղաքապետարանը դատարանում պարտվել է. այսինքն՝ այս դեպքում եւս որևէ խախտում չկա:

Սպառողը կարող է տպավորություն ստանալ, որ «Վագա ֆարմ» դեղատնային ցանցում վաճառվում են ժամկետանց ապրանքներ՝ այդ թվում՝ դեղեր, ինչը իրականությանը չի համապատասխանում և դեղատնային ցանցի հեղինակությունն արատավորելու ուղիղ փորձ է: Քաղաքապետարանի կողմից կինոօպերատորով, տագնապեցնող երաժշտությամբ ծովի աղի պիտանելիության ժամկետի
«խախտումների»  հայտնաբերումը իրականում այլ մոտիվ ունի:

Սա պատասխան է «Վագա ֆարմի» ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին:

«Վագա ֆարմ»-ը 2026 թ.-ի հուլիսի 16-ին  ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝  Երևանի քաղաքապետարանի  «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի  տնօրեն Ջենի Հովսեփյանի և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման փաստով։

Նշված պաշտոնյաները՝ Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ,  մերժել են «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տարածքը ավելի բարձր (540.000 ՀՀ դրամ) վարձավճարով վարձակալության հանձնելու «Վագա ֆարմ» -ի առաջարկը՝ փոխարենը 2 տարի ժամկետով վարձակալության հանձնելով նույն տարածքը  «Նատալի ֆարմ դեղատուն» ՍՊԸ-ին՝  ամսական 300.000 ՀՀ դրամով, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է առնվազն 6.624.000  ՀՀ դրամի վնաս։

Այս հաղորդման օրինակն ուղարկել ենք նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և  ստացել   հետևյալ պատասխանը. «Երևանի քաղաքապետարանի իրավասությունների և գործառույթների մեջ չի մտնում քրեաիրավական գնահատական տալը»:

Բնականաբար, դիմումով Երևանի քաղաքապետարանից նկարագրված արարքի քրեաիրավական գնահատական  չէր ակնկալվել.  Երևանի քաղաքապետարանի գործառույթներում է՝ որպես գործատու իր աշխատողների գործողություններին իրավական գնահատական տալը, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը:

Քաղաքապետարանի գրավոր այս արձագանքից հետո դիմեցինք երկրորդ անգամ՝ նույն ակնկալիքով, որի պատասխանն, արդեն, դեղատնային ցանցի սոտւգումների տեսքով էր:

Եթե «Վագա ֆարմ»-ի՝ պետությանը պատճառած առանձնապես խոշոր չափով վնասի դեպքի մասին հաղորդմանը որևէ հակափաստարկ ունենային, դա կներկայացնեին նույն ռեժիսուրայով՝ կինոօպերատոր, խորհրդավոր երաժշտություն, ԶԼՄ-ներ: Որքան էլ նման ապատեղեկատվությամբ փորձեն մոլորեցնել հանրությանը կամ «Վագա ֆարմ»-ին  տհաճություններ պատճառել, միևնույն է՝ հարցը մնում է ակտուալ ու անպատասխան՝ ինչու՞  է քաղաքապետարանի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանին ներվում  պետությանը պատճառած առանձնապես խոշոր չափի վնասը:

Lur24.am