Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայի անկախության կապակցությամբ նրա շնորհավորանքի համար։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում՝ նաև հրապարակելով Թրամփի շնորհավորական ուղերձը։
ԱՄՆ նախագահն Անկախության 35-ամյակի կապակցությամբ ուկրաինացիներին ուղղված խոսքում բարձր է գնահատել ժողովրդի դիմադրողականությունը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն վստահ է Ուկրաինայի ապագայի մեջ՝ որպես ինքնիշխան և բարգավաճ պետություն։ Նա կոչ է արել այս պահն օգտագործել՝ դադարեցնելու պատերազմը և հասնելու կայուն և երկարատև խաղաղության։
Զելենսկին Սպիտակ տնից ստացված նամակը համեմատել է ՀՕՊ համակարգի աշխատանքի հետ։
«Այս խոսքերն, ինչպես Patriot PAC-3-ի մեկնարկի ձայնը, բարձրացնում են մեր տրամադրությունը և հույս են ներշնչում, որ կյանքը կարող է պաշտպանվել Ռուսաստանի դաժան հարձակումներից, և որ կարող է հաստատվել արժանապատիվ խաղաղություն», – նշել է Զելենսկին։
Ուկրաինայի անկախության 35-ամյակի կապակցությամբ օգոստոսի 24-ին Կիև են ժամանել եվրոպացի տարբեր ղեկավարներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Անտոնիու Կոշտան։
Կոշտան հայտարարել է, որ ԵՄ-ն կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա, մինչև այն չդադարեցնի սպանությունները:
Էնդի Բըրհեմը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր առաջին օտարերկրյա այցը կատարել է Կիև, նույնպես վերահաստատել է, որ կշարունակեն աջակցել Ուկրաինային՝ չնայած Մոսկվայից հնչող սպառնալիքներին:
Բրիտանիայի կառավարությունը նաև MBDA պաշտպանական ընկերությանը թույլ է տվել գաղտնազերծել բրիտանա-ֆրանսիական արտադրության Storm Shadow/SCALP հեռահար հրթիռների բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվությունը, որը թույլ կտա դրանք արտադրել հենց Ուկրաինայի տարածքում:
Նույն օրը Կիևում նաև տեղի է ունեցել Ուկրաինային աջակցության նպատակով միավորված երկրների՝ «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որին տեսակապով միացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա շեշտել է ՀՕՊ հրթիռների մատակարարումներն արագացնելու անհրաժեշտությունը:
