Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան հետընտրական քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը հերթական անգամ արձանագրում է ընդդիմադիր դաշտի վերադասավորման և ուժերի մեկտեղման հրամայականը։ Ընտրական գործընթացներից հետո հասարակության շրջանում նկատվող որոշակի ապատիայի և գործող իշխանությունների կողմից կիրառվող վարչական ռեսուրսի ու տոտալ ճնշումների ֆոնին, քաղաքական օրակարգում առանցքային նշանակություն է ստանում միասնական ճակատի ձևավորումը։ Այս համատեքստում հանրային և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նախաձեռնած համախմբման գործընթացը։

Մամուլում և քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունները փաստում են, որ կոնսոլիդացիայի գործընթացն այժմ գտնվում է ակտիվ սկզբնավորման ու ձևավորման փուլում։ Թեև հրապարակային հայտարարություններում կողմերը դեռևս պահպանում են որոշակի զսպվածություն, ընդդիմադիր տարբեր միավորների, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների փոխանցմամբ, տարբեր ձևաչափերով ընթանում են բավականին ինտենսիվ քննարկումներ, կոնտակտներ և աշխատանքային հանդիպումներ։

Ակնհայտ է, որ ստեղծված բարդ պայմաններում Սամվել Կարապետյանի կողմից հայտարարված համախմբման նախաձեռնությունը դառնում է ամենակարևոր և կենսական քայլը քաղաքական դաշտում։ Այն միտված է լրացնելու այն վակուումը, որն առաջացել է հետընտրական շրջանում, և ունի բոլոր նախադրյալները՝ վերածվելու քաղաքական ուժերի միասնական առանցքի։

Փորձը ցույց է տալիս, որ առանձին գործող միավորները հաճախ արդյունավետ չեն լինում, մինչդեռ այս լայն համախմբումը կարող է հանդիսանալ այն ողնաշարը, որի շուրջ կձևավորվի երկրում օրինական իշխանության հաստատման իրական հնարավորությունը։ Առաջիկա զարգացումները, մասնավորապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո առաջին դեմքերի սպասվող հանդիպումները, ավելի հստակ ցույց կտան այս գործընթացի վերջնական ձևաչափն ու ընդդիմության հետագա քայլերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Lur24.am