Հեծանիվ քշող իշխանությունները և Բաքվից եկող սպառնալից ազդակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին 4 տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն հասցրել է մի քանի անգամ ագրեսիա ձեռնարկել Հայաստանի ու Արցախի նկատմամբ, ինչն ուղեկցվեց պատերազմական հանցագործությունների իրականացմամբ ու ցեղասպանական գործողություններով։ Եթե մինչ այդ միջազգային հանրությունը ինչ-որ կերպ զսպում էր Ադրբեջանին, ապա 44-օյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո իր կրավորական կեցվածքով պայմաններ ստեղծեց ադրբեջանական հարձակումների համար։ Իսկ Բաքուն, իր հերթին օգտվելով այդ հանգամանքից, փորձում է նաև խաղարկել եվրոպական երկրներին էներգետիկ ռեսուրսների մատակարարման թեման և միջազգայնորեն պահպանել իր հեղինակությունը։

Պատահական չէ, որ համաձայնություն է կայացել հենց Բաքվում անցկացնել այնպիսի խոշոր միջոցառում, ինչպիսին նոյեմբերին սպասվող ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովն է (COP 29)։ Այդ համաժողովին բազմաթիվ երկրներից մեծ պատվիրակություններ են մասնակցելու։ Փաստացի, կլիմայական համաժողովի անցկացմամբ` մթնոլորտը աղտոտող ածխաջրածինների մատակարարումից կախված Ադրբեջանը փորձելու է ցույց տալ, թե ինչքան «խաղաղասեր» է ու կլիմայի մասին մտահոգ։ Այս ամենին զուգահեռ նախանշաններ են երևում, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական հարձակմանը։ Պատահական չէ, որ նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել էր, թե նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթաժողովից հետո Ադրբեջանը հնարավոր է՝ նոր ագրեսիա ձեռնարկի Հայաստանի նկատմամբ: Իսկ Բաքվի այսպիսի տրամադրվածությունը ակնհայտ է դառնում մի շարք նախադրյալներով։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում բռնապետական կարգեր են, մարդու իրավունքներն աջուձախ ոտնահարվում են, ճնշվում է ազատ խոսքը, իսկ ընդդիմությունը հետապնդումների է ենթարկվում։ Ալիևի վարչակարգն իր ցանկությամբ առատորեն ծախսում է նավթադոլարները, թանկարժեք սեփականություն է գնում արտասահմանում, միլիարդավոր դոլարների սպառազինություն է ձեռք բերում, կաշառում է տարբեր խավիարակեր պաշտոնյաների, իսկ ժողովրդին այդ ռեսուրսներից ուղղակի փշրանքներ են հասնում։ Փաստացի ադրբեջանական հասարակությունը չի օգտվում այն միջոցներից, որոնք կարող էին ներդրվել տնտեսության, կրթության կամ առողջապահության մեջ։ Ու բռնատիրական ռեժիմի ճնշումը մի օր կարող է ադրբեջանական հանրության ներսում պոռթկումի պատճառ դառնալ՝ հատկապես, եթե դրսից կայծը տրվի։ Ուստի, Ալիևը փորձում է հանրությանը կոնսոլիդացնել թշնամու կերպարի ուղղությամբ։

Պատահական չէ, որ նույնիսկ Արցախյան պատերազմից հետո հայատյացությունը նոր թափով է բորբոքվում։ Եթե հանկարծ Ադրբեջանը կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ, ապա այդ թշնամանքի «կախարդական փայտիկը» կդադարի գործել, դրա համար էլ Ալիևը բանակցությունների իմիտացիա ստեղծելով հանդերձ ամեն ինչ անում է խաղաղության պայմանագիր կնքելուց հրաժարվելու համար։ Այն, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ, ցույց է տալիս նաև այն իրողությունը, որ Բաքվի վարչակազմը կեղծ թեզեր է գեներացնում «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ կոնկրետ տարածքային նկրտումներ ցուցաբերելով Հայաստանի նկատմամբ։ Թերևս Ալիևի վարչակազմը գիտակցում է, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և մի օր պատասխան է տալու, այդ թվում՝ գործած պատերազմական հանցագործությունների համար, դրա համար էլ ձգտում է մի կողմից՝ կանխել հետագայում Արցախյան հիմնահարցի բարձրացումը, իսկ մյուս կողմից էլ՝ նոր կապիտուլ յացիա պարտադրել հայկական կողմին։

Այդ մասին են վկայում Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, կրճատի զինված ուժերի քանակը, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» տրամադրի, հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և այլն։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է միլիարդավոր դոլարների սպառազինություն ձեռք բերել Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից ու այլ երկրներից։ Եվ Ալիևը Հայաստանում «ռևանշիստների գլուխ բարձրացնելու» քողի ներքո արդարացնում է Ադրբեջանի զինվելը՝ միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրելով զինվելու մեջ: Փաստացի Ալիևը հող է նախապատրաստում որոշ ժամանակ անց ռազմական գործողությունների բռնկման համար, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են թմրեցնել մեր հանրության զգոնությունը խաղաղության մասին թեզերով։ Դե, Փաշինյանն էլ իր համար հանգիստ Նյու Յորքում հեծանիվ է վարում և ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի ագրեսիվ պահվածքից խոսելու փոխարեն հայտարարում է, թե որպես թեորեմ առաջ է քաշում «Ապագա կա» կարգախոսը։ Տպավորություն է, որ նա ոչ թե Հայաստանն է ղեկավարում, այլ, ասենք՝ Շվեյցարիան, այնինչ իրականությունը դժնդակ է ու մարտահրավերներով լեցուն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Lur24.am